Շատերի նման, իմ քաղաքական ժամանակացոյցն էլ է 1988-ից սկւում: Շատերի նման մեր ազատութեան ու ինքնութեան բանաձեւը թատերական հրապարակում էի փնտռում: Ու, թէեւ 25 տարին փոքր ժամանակահատուած չէ, բայց գրեթէ ականատեսի, վկայի ու մասնակցի մանրամասնութեամբ յիշում եմ դէպքերը, դէմքերը, նոյնիսկ որոշների ելոյթներից հատուածներ:
Մեր անստոյգ երթի ճանապարհին քսանհինգ տարին թէ՜ շատ է, բայց նոյնքան էլ` քիչ: Թւում էր Արցախեան յաղթանակից ու Անկախ պետականութեան վերականգնումից յետոյ թատերական հրապարակը անկախութեան խորհրդանիշ պիտի դառնար, տօնախմբութիւնների հարթակ, խաղաղ ու անհոգ ծերացող տատիկ-պապիկների հաւաքատեղի, սիրահարուած զոյգերի ժամադրավայր: Բայց` ոչ:
Դարձեալ անհանգիստ է թատերական հրապարակը, ու դարձեալ ազգովի ազատութեան ու ինքնութեան բանաձեւ ենք ճշդում, տրորուած ու արհամարհուած արժանապատուութեան համար կռիւ տալիս, փորձում ենք թօթափել դատապարտուածութեան ու անհեռանկարայնութեան ծանր վարագոյրը, գտնել ով է մեղաւոր, ինչ անել հարցերի պատասխանները: Ու դարձեալ խուճապի մէջ է իշխանութիւնը:
Իսկապէս, թւում էր, թէ մեր արագ ժամանակներում 25 տարին բաւական ժամանակահատուած էր ճանաչելու սեփական ժողովրդին, դասեր քաղելու սխալներից ու հասկանալու, որ անցողիկ ու թուացեալ դափնիների, մեդալների ու շքանշանների, կեղծ մարգարէների ու շատ շօշափելի ու զգլխիչ հարստութեան կողքին անանցը սեփական ստորագրութիւնն է ու հետագիծը: Բայց` էլի ոչ, պատմութիւնը մեզ յամառօրէն դաս չի դառնում, այս 25 տարին նոյնպէս:
Եւ, ինչպէս միշտ, տագնապի անհանգիստ պահին ժողովրդի հայեացքն ուղղւում է դէպի մտաւորականութիւնը` խղճի, անկեղծութեան, արդարութեան ու ազատ մարդու խօսք լսելու ակնկալիքով: Իսկ իշխանութեան զինանոցում դարձեալ նոյն դէմքերն են, այսպիսի առիթներում մաշուած ու ծանօթ, մշտապէս իշխանամերձ ու “պոլիտկոռեկտ“:
Ու գրեթէ մէկ կենտրոնից վերահսկողութեան ենթակայ լրատուամիջոցներով քծնանքի շքերթ է, միմեանց չզիջելով տարփողում են, թէ ինչ հրաշալի երկիր ենք կառուցել, թէ ինչպէս են մէկ մարդու պէս սատարում գործող նախագահին, յորդորում, որ ամէն մէկն իր գործով զբաղուի, իսկ որոշներն իրենց հաւատարմութեան մէջ այնքան են ոգեւորւում, որ էքստազի մէջ ընկնելով ժողովրդին անգիտակից, ոհմակ, աղանդաւոր կամ արուամոլ են անուանում:
Իսկ ես նրանցից շատերին մօտիկից գիտեմ. անականջ միջանցքներում ու փոքր, անվկայ սենեակներում նրանք անկեղծութեան պահեր էլ են ունենում “երկիրը երկիր չի“ բանաձեւի շուրջ, գրեթէ անթաքոյց զզուանք յայտնում համակարգից, դժգոհում, որ մարդուց կամակատար ու հնազանդ ծառայ են սարքում: Նրանք նաեւ իրենց որդիներին Հայաստանից դուրս հանելու ճամբաներ են փնտռում (շատերի որդիներն արդէն այնտեղ են) ու ինձ խորհուրդ տալիս, որ մի քիչ էլ ինձ համար ապրեմ:
Այս օրերին Հայաստանում նաեւ քծնանքի շքերթ է:
Իսկ 25 տարին իսկապէս շատ կարճ ժամանակ է, ու ես ու շատերը յիշում ենք, թէ ինչպէս էին այսօր գործող նախագահին նոյն քծնողները միեւնոյն ջանասիրութեամբ ու նուիրումով, միմեանց հերթ չտալով սատարում, գովերգում ու քծնում էին Լեւոն Տէր Պետրոսեանին, իսկ յետոյ` Ռոպերթ Քոչարեանին:
25 տարին իսկապէս քիչ ժամանակ չի ու նաեւ շատ էլ չի, ես ու շատ-շատերս յիշում ենք, թէ այդ նոյն գործիչ “մտաւորականները“ քանիերորդ կուսակցութիւնն են փոխում` միայն թէ մօտ լինեն իշխանութեանն ու կերակրատաշտին: Իսկ լռութեան կամ քծնելու գինը ո՞ւմ յայտնի չի:
Չէ` “անկեղծ չենք“, ականջներիս մէջ Թումանեանի խօսքն է:
Իշխանութեանը մօտ լինելն իսկապէս արատ չի, ոչ էլ մեղք, բայց ճշմարիտ ու անկեղծ խօսքով, քաղաքացու սրտացաւութեամբ, բայց նրանք շարունակում են պարտուած լռութեամբ ու քծնանքով աւելի խորացրել մեր պարտութիւններն ու մեր բարոյական կորուստները:
Չեմ կարծում, թէ մեր իշխանութիւնները չեն հասկանում, թէ որքան խոցելի է հաւատարմութեան այսպիսի ռեսուրսով շրջապատուելը:
“Նրանք պարտաւոր չեն պօէտ լինել, բայց քաղաքացի պարտաւոր են“, ինչ տեղին են ու ստոյգ Նեկրասովի խօսքերը:
Երազած հայրենիքի համար պատասխանատու են բոլորը, իրաւացիօրէն ասում է Սերժ Սարգսեանը Սերժ Թանկեանին, միայն թէ նա մոռանում է խոստովանել, թէ կայացած ժողովրդավարութիւններին բնորոշ այս բանաձեւը որքան դժուար է կիրառել Հայաստանում, ուր իսկական մտաւորականը դատապարտուած է ինքնամաշումի հիւծիչ պայքարով, հիասթափութիւնների, դառնութիւնների ու վիրարաւորուած արժանապատուութեան գնով ապացուցել, որ երկուսին գումարած երկուս չորս է, ուր քաղաքացիական ու հանրային իրաւունքների պայքարը չինական պատի հետ կռիւի է նման կամ` խուլերի երկխօսութեան:
Այո, ճիշդ է Սերժ Սարգսեանը` մեր երազած հայրենիքի համար պատասխանատու ենք բոլորս, ու ի՛նչ լաւ է, որ այդ պատասխանատու ու արժանապատիւ քաղաքացին արդէն արթնացել է, կողմնորոշուել է, ու նրա հետ անհնար է հաշուի չնստել: