Հ.Հ. նախագահական ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները աննախադէպ էին այն առումով, որ ընդդիմադիր մէկ թեկնածու առաջին փուլի ընթացքում ստացել է շուրջ 37 տոկոս աջակցութիւն` փաստօրէն դառնալով լուրջ գործօն թէ՛ ընդդիմադիր դաշտի ամրապնդման համար, թէ՛ ընդհանրապէս Հ.Հ. քաղաքական ասպարէզում (այդ թւում` արտաքին քաղաքականութեան ուղղութեամբ): Րաֆֆի Յովհաննէսեանի նմանատիպ արդիւնքը ութ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններում “Ժառանգութիւն“ կուսակցութեան հաւաքած շուրջ եօթ անգամ քիչ ձայների պատկերին պայմանաւորուած է հետեւեալ հանգամանքներով.-
* Ընդդիմադիր ընտրազանգուածի քիչ թէ շատ համակրանքը վայելող երկու հիմնական գործիչների (Լեւոն Տէր Պետրոսեան եւ Գագիկ Ծառուկեան) փաստացի բացակայութեամբ ընտրութիւններին: Այս երկու գործիչները ինչ-ինչ պատճառներով հրաժարուեցին մասնակցել ընտրութիւններին` դաշտը թողնելով աւելի քիչ ընտրազանգուած ունեցող գործիչներին, ինչի արդիւնքում նրանց ընտրողները, որոնք հիմնականում ընդդիմադիր հակում ունէին, ստիպուած էին ընտրել գործող թեկնածուներից մէկին:
* Րաֆֆի Յովհաննէսեանի բաւականին յաջող ու ժողովրդի համար ընկալելի քարոզարշաւով:
Րաֆֆի Յովհաննէսեանը իր` հորիզոնական ղեկավարի կերպարով գրաւեց շատերի համակրանքը, քանի որ նրանց հետ խօսում էր որպէս հաւասարը հաւասարի, ցոյց էր տալիս, որ մտահոգ է նրանց հոգերով, ինչպէս նաեւ հասարակութեան ամենագործունեայ զանգուածների հետ կապ էր հաստատել դիմատետրի (facebook) միջոցով, եւ նրա խումբը գործնականօրէն աշխատում էր դիմատետրեան քարոզչութեան ուղղութեամբ, ինչը ապահովեց յատկապէս գործունեայ երիտասարդների մի ստուար հատուածի համակրանքը:
* Սերժ Սարգսեանի խմբակի որոշ մարտավարական սխալներով եւ քարոզարշաւի ընթացքում թոյլ տրուած PR սայթաքումներով: Քարոզարշաւի նախնական շրջանում տպաւորութիւն էր ստեղծւում, որ իշխանութիւնների համար Րաֆֆի Յովհաննէսեանը նախընտրելի թեկնածու է, քանի որ, նախ, ոչ վաղ անցեալում նրա կուսակցութիւնը թոյլ արդիւնքներ էր ցոյց տուել խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ, միւս կողմից Հրանդ Բագրատեանի հետ միասին ապահովում էր ընտրութիւնների ցանկալի մրցակցականութիւնը: Աւելին, երբ Հրանդ Բագրատեանը իր թեկնածութիւնը դրեց եւ հաւակնում էր ամրապնդել առնուազն Հ.Ա.Կ.-ի ընտրազանգուածը, իշխանութիւնների համար Րաֆֆի Յովհաննէսեանը լծակ էր նուազեցնելու Բագրատեանի արդիւնքները: Այսինքն, քարոզչական միջոցներով պայքարելով հիմնականում Բագրատեանի դէմ` Սերժ Սարգսեանի ընտրական խումբը նպաստեց Յովհաննէսեանի ուժեղանալուն, որպէս ընդդիմադիր թեկնածու: Արդիւնքում նոյնիսկ Բագրատեանի կարողական ընտրողները գնացին Յովհաննսէսեանի կողմը: Այսինքն, Սարգսեանի ընտրական խումբը պէտք է աշխատեր Րաֆֆի Յովհաննէսեանի եւ Բագրատեանի միջեւ որոշ հաւասարակշռութիւն պահպանել` Յովհաննէսեանին թոյլ տալով որոշ չափով առաջ անցնելու Բագրատեանից, քանի որ այս վերջինը աւելի արմատական ղեկավար է, քան Յովհաննէսեանը: Քարոզարշաւում կատարուած միւս սխալն էլ այն էր, որ Սարգսեանի նախնական բարձր վարկանիշը (68 տոկոս Յունուարի դրութեամբ) Սերժ Սարգսեանի որոշ սայթաքումների (“էդպէս էք մտածում, որ խիարը թարս ա բուսնում“, “էկել ես մեր տօնը փչացնում ես, որ ի՞նչ անես“, “ինչքան ուզեք, խփենք“ եւ այլն) պատճառով նրա վարկանիշը նուազեց 58 տոկոսի, որից շահեց ընդդիմութեան հիմնական թեկնածուն: Այս սայթաքումները կարող են բացատրուել Սարգսեանի եւ իր ընտրական մեքենայի հանգստութեամբ, որ ընդգծուած մրցակից չկայ, ինչպէս նաեւ վերջին շրջանում իշխանութիւնները կարողացել էին բաւականին բարձր օրինաւորութիւն ապահովել, որը, սակայն, հիմնականում նշուած սայթաքումների եւ ընդդիմութեան կողմից դրանց օգտագործման պատճառով զգալիօրէն նուազեց:
ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԻՄՔԵՐԸ
Յովհաննէսեանի ներկայ հակազդեցութիւնը պայմանաւորուած է հետեւալ հանգամանքներով.-
* Ընդդիմութեան թեկնածուի համար շատ բարձր ցուցանիշ (շուրջ 37 տոկոս): Այս ցուցանիշը քաղաքացիների` ընտրութիւնների նկատմամբ անվստահութեան պատկերին թոյլ է տալիս Յովհաննէսեանին վիճարկելու Սերժ Սարգսեանի վերընտրուելու հանգամանքը: Հանրահաւաքային ճանապարհը ընտրելով` նա յոյս ունի եթէ ոչ հասնել իշխանափոխութեան, ապա քոնէ արդարացնել իրեն ընտրած քաղաքացիների յոյսերը` որպէս ընդդիմադիր թեկնածու:
* Քուէարկութեան ընթացքում տեղ գտած խախտումների ու կեղծիքների առկայութիւնը կամ առնուազն դրանց մասին ոչ քիչ ծանուցումները ու խօսակցութիւնները: Ըստ այդ խօսակցութիւնների եւ որոշ փաստերի` ընտրութիւնների ժամանակ կրկին օգտագործուել է ընտրակաշառքի լծակը, ինչպէս նաեւ տեղի են ունեցել մի շարք այլ արտա-ընտրատեղամասային եւ աւելի քիչ ներընտրատեղամասային խախտումներ: Այդ խախտումները, որոնց հիմնական մասը ընդդիմութեան համար գրեթէ անհնար է իրաւաբանօրէն ապացուցել, սակայն քաղաքացիները գիտեն կամ առնուազն հաւատում են դրանց գոյութեանը, թոյլ են տալիս Յովհաննէսեանին վիճարկել արդիւնքները եւ պնդել, որ ինքն է ընտրուել: Իրականում ոչ ոք չի կարող ասել, թէ որքան խախտում է կատարուել եւ եթէ նոյնիսկ ձայներ են գողացուել Յովհաննէսեանից, ապա դրանք որքան են եղել: Յովհաննէսեանի այդ պնդումը ուղղակի հռետորական նպատակ է հետապնդում` իր շուրջը հաւաքելու ընտրութիւններին հաւատ չընծայող քաղաքացիներին:
* Ընդդիմութեան ղեկավարի դիրքի համար պայքար: Յովհաննէսեանի այս արդիւնքը լուրջ հնարաւորութիւն է նրա համար դառնալու ընդդիմութեան անվիճարկելի ղեկավարը, ինչը վերջին տարիներին բացակայում էր Հ.Հ. քաղաքական դաշտում` Լեւոն Տէր-Պետրոսեանի վարկանիշի անկման եւ Գագիկ Ծառուկեանի կէս-ընդդիմադիր կերպարի վերելքի կացութեան: Երբ այդ երկու գործիչները հրաժարուեցին մասնակցել նախագահական ընտրութիւններին, եւ Յովհաննէսեանն էլ կէս միլիոնից աւել ձայն հաւաքեց (մօտ հաւասար Բարգաւաճ Հայաստանի հաւաքած ձայներին ու Լեւոն Տէր-Պետրոսեանի պաշտօնական ձայների կրկնակիից աւելին), դա նրա համար հնարաւորութիւն ստեղծեց լրացնելու ընդդիմութեան ղեկավարի բաց դիրքը, ինչը, բնականաբար, անհնար է կատարել առանց զանգուածային բողոքի շարժումների, քանի որ ընտրողների մի ստուար հատուած դա է ցանկանում: Ինչեւիցէ, այդ դիրքին հասնելու համար Յովհաննէսեանին պէտք կը գան նաեւ ընդդիմադիր գործիչների ու կուսակցութիւնների պաշտօնական աջակցութիւնը: Հրանդ Բագրատեանի, Նիկոլ Փաշինեանի, Հ.Յ.Դաշնակցութեան եւ մի շարք ոչ այդքան ազդեցիկ գործիչների ու կառոյցների յայտարարութիւնները Յովհաննէսեանին աջակցելու մասին, ինչպէս նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից Յովհաննէսեանի շարժմանը միանալու հնարաւորութեան չբացառման եւ Բարգաւաճ Հայաստանի գործօն լռութեան հանգամանքները լուրջ հնարաւորութիւն են ստեղծում ընդդիմադիր դաշտի ամրապնդման համար:
ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԻ “ԹՈՅԼ ՕՂԱԿԸ“
Որոշ անկախ եւ կախեալ որոշիչներ ձեւաւորում են Յովհաննէսեանի “թոյլ օղակը“: Դրանցից են`
* Անվստահութիւն կամ առնուազն զգուշաւորութիւն ընդհանրապէս ընդդիմադիր թեկնածուների եւ այս պարագայում մասնաւորապէս Յովհաննէսեանի նկատմամբ: Արթուր Պաղտասարեանի եւ մասնակիօրէն Գագիկ Ծառուկեանի դէպքերը, երբ ընդդիմադիր ընտրազանգուածը նրանցից ակնկալում էր իշխանութիւնների հակակշռի ձեւաւորում ու տեսաւ կա՛մ հակառակը, կա՛մ զգուշաւոր չէզոքութիւն, ինչպէս նաեւ Սերժ Սարգսեանի` այլեւայլ ընդդիմադիր գործիչների իր կողմը ձգելու մարտավարութիւնը ընտրողների մօտ առաջացրել են անվստահութիւն/զգուշաւորութիւն նոր ծագող ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ: Ակնյայտ է, որ այդ զգուշաւորութիւնն այլ պատճառներ էլ ունի, որոնք, սակայն, կը քննարկուեն ստորեւ: Այդ անվստահութիւնը տեսանելի է ոչ միայն շարքային ընտրողների, այլ նաեւ որոշ ընդդիմադիր գործիչների ու կառոյցների մօտ, ինչը, բնականաբար, խանգարում է ընդդիմութեան ամրապնդմանը: Հետեւաբար, եթէ Յվհաննէսեանը ցանկանում է հասնել աւելի մեծ ամրապնդումի, ապա կարիք ունի վճռական եւ միանշանակ լինելու իր դիրքում:
* Յովհաննէսեանի գործողութիւնների աղոտութիւն եւ հակասականութիւն: Տպաւորութիւն է ստեղծւում, որ Յովհաննէսեանի եւ իր ընտրական խմբակի համար 37 տոկոս արդիւնքը անակնկալ էր, եւ նրանք պատրաստ չէին յետընտրական այսպիսի իրավիճակի: Դրա մասին են խօսում առաջին ժամերի հռետորաբանութեան փոփոխութիւնը, ինչպէս նաեւ Յովհաննէսեանի որոշ յայտարարութիւններու եւ գործողութիւնների ընդգծուած հակասականութիւնը: Վառ օրինակներից մէկը նրա այն յայտարարութիւնն է, որ ժողովուրդն առաջին անգամ յաղթել է, իսկ մէկ օր անց այդ պնդման ժխտումը: Կամ գիշերը Ազատութիւն հրապարակում անցկացնելու յայտարարութիւնը եւ դրա չկատարումը: Արդիւնքների յանկարծակիութեան պնդման օգտին խօսում է նաեւ այն հանգամանքը, որ առայսօր Յովհաննէսեանը յստակ ու գործնական ելոյթներով հանդէս չի եկել, այլ հիմնականում աչքի է ընկել սրտառուչ պնդումներով: Աւելին, նա առաջին անգամ Փետրուար 24-ին հանդէս եկաւ պատրաստուած ելոյթով, ինչը յուշում է, որ գործողութիւնների պլան ու ռազմավարութիւն չկար շարժման սկզբում: Մէկ այլ թոյլ մարտավարական քայլ կարող է համարուել նրա` Սարգսեանի հետ հանդիպումը, քանի որ բացի այն բանից, որ նա պահանջել էր, որ Սարգսեանը այցելի “Ազատութիւն“ հրապարակ, սակայն փոխարէնը ինքը գնաց նախագահական, այլ նաեւ չսպասեց իր նշանակած ժամկէտի աւարտին Սարգսեանի հետ բանակցելու համար: Այդ զիջումները ցոյց տուեցին, որ Յովհաննէսեանը վճռական չէ իր պահանջների ու վերջնագրերի հարցում: Աւելին, երբ հանդիպումը անցկացուեց փակ ձեւաչափով, դա եւս թուլացրեց Յովհաննէսեանի դիրքերը, քանի որ այդ հանգամանքը նրան անվստահութեամբ վերաբերուողների համար եւս մէկ կասկածի հիմք կարող է դառնալ: Հետեւաբար, Յովհաննէսեանը կարիք ունի աւելի վճռական, հետեւողական ու գործնական առաջնորդ լինելու, որոնք չեն հակասում նրա բարի կերպարին:
* Յովհաննէսեանի ոչ ուժեղ ճարտասանական հմտութիւններ: Յատկապէս յետընտրական հանրահաւաքների ժամանակ ակնյայտ դարձաւ, որ նա, որպէս բեմահարթակից ելոյթ ունեցող հռետոր, չի փայլում իր հմտութիւններով` ի տարբերութիւն, օրինակ, Տէր-Պետրոսեանի: Սակայն նաեւ այդ թոյլ օղակը լրացնելու նպատակով նա հաճոյքով կիսում է բեմահարթակը խայտաբղէտ գործիչների հետ` այն եւս դարձնելով հնարաւորինս մատչելի եւ հորիզոնական: Միւս կողմից պէտք է զգոյշ լինել, որպէսզի բեմահարթակի այդ հորիզոնականութիւնը չդառնայ թուլութիւն, ինչպէս եղաւ Հախվերտենի դէպքում` թոյլ չտալով անկանխատեսելի վիճակում գտնուող մարդկանց ելոյթ ունենալ:
ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԻ “ՈՒԺԵՂ ՕՂԱԿԸ“
Նրա ուժեղ կողմերից կարող են համարուել հետեւեալ գործօնները`
* Ընտրութիւնների պաշտօնական արդիւնքներ: Բացի այն բանից, որ նա ընտրութիւնների ժամանակ ստացել է բաւականին ներկայացուցչական տոկոս, միւս ընդդիմադիր թեկնածուների ցած տոկոսները եւս դարձան լուրջ առաւելութիւն Յովհաննէսեանի համար, քանզի այլ մրցակից առաջնորդների բացակայութիւնը բարձրացնում է նրա շուրջ ընդդիմութեան ամրապնդման հնարաւորութիւնները: Արդիւնքում արդէն մի շարք ազդեցիկ գործիչներ ու կառոյցներ միացել են շարժմանը, իսկ ոմանք էլ չեն բացառել դրա հնարաւորութիւնը:
* Հորիզոնական ու համագործակցային առաջնորդի կերպար: Մինչ այժմ ընդդիմութեան առաջնորդները աւելի շատ աչքի են ընկել ուղղահայեաց առաջնորդի վարքով, ինչը թէեւ որոշ դէպքերում ապահովում էր ընդգծուած քարիզման, այնուամենայնիւ, շատ դէպքերում էլ վանում էր միւս ուժերին համագործակցելու նրանց հետ: Բացի դրանից, ներկայումս կրթուած զանգուածները նախընտրում են հորիզոնական ու բաց առաջնորդների, իսկ Յովհաննէսեանի շարժման հիմնական կորիզը բաղկացած է հէնց այդ ընտրազանգուածի ներկայացուցիչներից: Արդիւնքում նկատում ենք, որ Յովհաննէսեանը պատրաստ է հարթակը եւ շարժման ղեկավարութիւնը կիսել նաեւ այլ ազդեցիկ գործիչների ու կառոյցների հետ: Սա ես մէկ դրական գործօն է, որը կարող է ապահովել ընդդիմութեան ջլատ ուժերի ամրապնդման:
* Քաղաքացիական շարժումների համակրանք ու դրանց բնորոշ ռազմավարութիւն: Վերջին տարիներին հասարակութեան մէջ աճել են քաղաքացիական շարժումների դերն ու կշիռը, որոնց գործունէութիւններում առանցքային դերակատարում ունեն նաեւ “Ժառանգութիւն“ կուսակցութեան որոշ գործիչներ: Վերոնշեալ հանգամանքը եւ Րաֆֆի Յովհաննէսեանի քաղաքացիական կերպարը ապահովեցին քաղաքացիական շարժումների համակրանքը նրա նկատմամբ: Այդ աջակից խմբերի ունեցած կշիռը հասարակութեան մէջ ներկայումս դարձել է նաեւ Յովհաննէսեանի սեփականութիւնը: Աւելին, նրա շարժման մէջ նկատւում են քաղաքացիական պայքարի ռազմավարութեան տարրեր, այն է` ցանցային պայքար, որը նորոյթ է հայկական քաղաքականութեան մէջ: Ինչպէս տեսանք վերջին օրերին, նա փորձում է շարժումը ապակեդրոնացնել Երեւանից` տանելով նաեւ այլ քաղաքներ: Այս ոճը թոյլ կը տայ նրան բազմակողմանի ճնշում ապահովել իշխանութիւնների վրայ, ինչպէս նաեւ դժուարացնել շարժման մարումը այլևայլ միջոցներով:
* Յովհաննէսեանը նոր առաջնորդ է եւ դեռ չի հասցրել հասարակութեան որոշ հատուածների մօտ հակակրանք ձեւաւորել: Մինչ այժմ հայկական քաղաքական դաշտը պտտւում էր երեք նախագահների եռանկիւնի շուրջը, որոնց հանդէպ այս կամ այն չափով ձեւաւորուած հակակրանք կար, իսկ ահա Յովհաննէսեանը յետընտրական փուլում դուրս բերեց հայկական քաղաքականութիւնը այդ եռանկիւնուց եւ այդ երեք գործիչներից էլ յոգնած զանգուածներին կարողացաւ գրաւել դէպի իր կողմը, քանի որ ի տարբերութիւն նրանց` Յովհաննէսեանը հակակրանքի արժանացող անցեալ չունի:
ՍԱՐԳՍԵԱՆԻ “ԹՈՅԼ ՕՂԱԿԸ“
Սարգսեանի հիմնական թոյլ կողմերը այս գործընթացներում հետեւալներն են.-
* Ընտրողների մօտ գոյութիւն ունեցող անվստահութիւն ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ անվստահութիւնը, անկախ առարկայական թէ ենթակայական պատճառներից, ստիպում է ընտրողներին հաւատ չընծայել պաշտօնական արդիւնքներին‘ այն վիճարկելու զանազան ուղիներ փնտռելով: Այդ անվստահութեան դրսեւորումներից մէկն էլ ընդդիմադիր դաշտի կամ առնուազն ոչ իշխանական երեք հիմնական խաղացողների (Հ.Ա.Կ., Բարգաւաճ Հայաստան, Հ.Յ.Դաշնակցութիւն) կողմից ընտրութիւնների փաստացի պոյքոթն էր:
* Ընտրութիւնների ժամանակ տեղ գտած ընտրախախտումներ եւ դրանց մասին խօսակցութիւններ: Թէեւ Սերժ Սարգսեանը խոստացել էր աննախադէպ ընտրութիւններ անցկացնել, որտեղ խախտումներ տեղ չեն գտնի, սակայն ներընտրատեղամասային ու արտաընտրատեղամասային խախտումների մասին ծանուցումները քիչ չէին: Յատկապէս ընտրակաշառքի կիրառման մասին խօսակցութիւնները ու փաստերը նախկինի պէս ջրի երես էին դուրս գալիս: Այս իրավիճակին Սարգսեանի բացասական կողմը ոչ միայն այն է, որ չի կանխել նմանատիպ խախտումները` անկախ դրանց աղբիւրներից, այլ նաեւ տեղի ունեցած խախտումների պատասխանատուներն օրէնքով նախատեսուած պատիժները չեն ստացել, ինչը աւելի է խորացրել ընտրողների անվստահութիւնն ու հիասթափութիւնը: Նրա կողմից պէտք է բացառուէր կամ առնուազն պատժուէր յատկապէս թաղային հեղինակութիւնների եւ օլիկարխների կոպիտ միջամտութիւնները ընտրական գործընթացներին, քանի որ ընտրողների աչքերում դրանք խախտումների հիմնական աղբիւրներից են: Դրանով Սարգսեանը կը բարձրացնէր իր հեղինակութիւնը` ցոյց տալով, որ այդ խախտումների նախաձեռնողը ինքը չի եղել, այլ աւելի ցածր օղակները:
* Քարոզարշաւի ընթացքում կատարուած մի շարք սայթաքումներ: Վերեւում քննարկուած այդ սայթաքումների պատճառով յատկապէս ընկերային ցանցերի օգտատերերի շրջանում Սարգսեանը լայնօրէն քարոզւում/դիտարկւում էր որպէս “ծաղրածու“ եւ քաղաքացիներին ծաղրող նախագահ: Այս հանգամանքը ազդեց նրա վարկանիշի վրայ յատկապէս գործունեայ քաղաքացիների մի ստուար հատուածի մօտ խորացնելով նրա հանդէպ հիասթափութիւնը:
ՍԱՐԳՍԵԱՆԻ “ՈՒԺԵՂ ՕՂԱԿԸ“
Հետեւեալ գործօնները կարող են համարուել որպէս Սարգսեանի ուժեղ կողմեր.-
* Թեքնիքական առումով ընտրութիւնների աւելի գրագէտ ու հանգիստ կազմակերպում: Ինչպէս վերջին խորհրդարանական ընտրութիւնները, նախագահականը եւս կազմակերպուել էր թեքնիքական առումով աւելի գրագէտ ու հանգիստ` առանց ներընտրատեղամասային արտառոց եւ բռնութիւնների զանգուածային դէպքերի:… Այս ամէնը Սարգսեանին հնարաւորութիւն են տալիս պնդելու, որ ընտրութիւնները լաւ կազմակերպուած էին:
* Յատկապէս միջազգային դիտորդների դրական կարծիք եւ միջազգային շնորհաւորանքներ յաղթանակի կապակցութեամբ: Փաստօրէն, այդ միջոցներով յատկապէս Արեւմուտքը ցոյց տուեց, որ Սարգսեանը կատարել է իր առջեւ ստանձնած պարտաւորութիւնները ընտրութիւնների լաւ կազմակերպման առումով: Դիտորդների կարծիքների եւ շնորհաւորանքների շնորհիւ նա ձեռք բերեց լայն արտաքին օրինաւորութիւնը, որը, բնականաբար, որոշ չափով ազդում է նաեւ ներքին օրինաւորութեան վրայ: Աւելին, դրանք բացառեցին միջազգային որեւէ ուժի սատարումը Յովհաննէսեանի շարժմանը:
* Ընդդիմադիր կամ առնուազն ոչ իշխանական դաշտում պատրաստի խաղաքարտի առկայութիւն: Քանի որ ընտրութիւնների ժամանակ Բարգաւաճ Հայաստանը չէր սատարել Սարգսեանին, հետեւաբար, նրա ընտրազանգուածը մնացել է օդում, որը դեռեւս կարող է ձեւական ոճով օգտագործուել օրինականութեան նոր պաշար ապահովելու համար: Այսինքն` Բարգաւաճ Հայաստանը կարող է նոր կառավարութիւնում տեղ գտնել, որը թէեւ օրինական առումով կը բարձրացնի Սարգսեանի ներքին օրինականութիւնը, սակայն դրա ազդեցութիւնը անհնար կը լինի հաշուել, քանզի յայտնի չէ, թէ ներկայումս Բարգաւաճ Հայաստանի ընտրազանգուածի քանի տոկոսն է դեռեւս սատարում նրան:
* Ազատութիւն, ճնշումների եւ բռնութիւնների բացակայութիւն կամ ցած մակարդակ: Քաղաքական գործունէութեան համար աւելի ազատ միջավայրը նուազեցնում է ընդդիմութեան կողմից զանգուածների կտրուկ ամրապնդման ու յեղափոխութեան փորձի հաւանականութիւնը, քանի որ “ազդեցութիւնը ծնում է համարժէք հակազդեցութիւն“ կանոնի տրամաբանութեամբ` այս պարագայում զանգուածների ծայրայեղ դժգոհութեան համար պարարտ հող չի ստեղծւում: Այսինքն, մարդիկ ազատ են արտայայտուելու հրապարակային հաւաքների միջոցով եւ արդիւնքում այլընտրանքային ու ստուերային ճանապարհներ չեն փնտռում դրա համար: Ի տարբերութիւն Հ.Հ. նախագահական գրեթէ բոլոր ընտրութիւնների` ներկայումս աւելի ազատ միջավայր է ստեղծուած քաղաքական գործունէութեան համար, ինչը իշխանութիւնների համար բարձրացնում է քաղաքական գործընթացների կանխատեսելիութիւնը: Ուշագրաւ է նաեւ, որ ներկայ իշխանութիւնները, լինելով համեմատաբար ճկուն եւ բաց քննադատութեան առջեւ, փորձառութիւն ունեն ինչ-ինչ միջոցներով դուրս մղել կուտակուած օդը: Այդպիսի դէպքերի ականատես եղանք որոշ քաղաքացիական շարժումների պարագայում, երբ տեղային լարումները հանդարտւում էին իշխանութիւնների կատարած ընդառաջ քայլերով: Այսպիսով, Սարգսեանի այդ ճկունութիւնը եւ դաշտի աւելի բաց ու ազատ լինելու հանգամանքը թոյլ են տալու նրան նոյնիսկ փոքր ընդառաջ քայլերով մեղմել շարժման մասնակիցների դժգոհութիւնները:
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ
ՀԱՒԱՆԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ
Յետագայ զարգացումների համար հնարաւոր են համարւում հետեւեալ հիմնական կացութիւնները`
1.- Յեղաշրջում: Այս մէկը թէեւ ամենաքիչ հաւանականն է, սակայն պէտք չէ անտեսել: Սա հնարաւոր է միայն կոշտ ուժի կիրառման դէպքում, քանի որ իշխանութիւնները օրինականութեան լուրջ ճգնաժամ չունեն եւ, հետեւաբար, բաւականին ամուր են իրենց դիրքերում: Այս տարբերակը գրեթէ անհնար է համարւում հետեւեալ պատճառներով`
Հ.Հ. գործող իշխանութիւնը ամբողջատիրական կամ ծաւալողապաշտ չէ, եւ երկրում յարաբերականօրէն զրկուած ծայրայեղ դժգոհ խմբեր չկան, որոնք կարող են դառնալ յեղաշրջման կորիզը: Հ.Հ.-ում քաղաքական ազատութիւնները ճգնաժամային վիճակում չեն, հակառակը` բաւականին պարարտ հող է ապահովուած դրանց համար: Այսինքն, “ազդեցութիւնը ծնում է հակազդեցութիւն“ կանոնով` յեղաշրջման համար անհրաժեշտ հակազդեցութեան ազդեցութիւնը առկայ չէ:
Սարգսեանը բռնութեան հակուած չէ` ելնելով ե՛ւ Մարտի 1-ի դասերից, ե՛ւ իր համեմատաբար ճկուն բնոյթից: Նրա հինգ տարիների իշխանութիւնը ցոյց տուեց, որ նա աւելի շատ ձգտում է համագործակցութեան կամ այլ համեմատաբար փափուկ ոճերի, քան բռնութեան կամ առճակատման: Բացի դրանից, Մարտի 1-ի դասերը թոյլ չեն տա նրան գնալու բռնի ճանապարհով:
Յովհաննէսեանը եւս հակուած չէ բռնի ուժի ե՛ւ իր բնոյթից, ե՛ւ յայտարարութիւններից ելնելով: Նա բազմիցս շեշտադրել է, որ իրենք գնալու են միայն սահմանադրական ճանապարհով, որը, ինչպէս գիտենք, բացառում է յեղաշրջումը: Ընդ որում` նա բացայայտօրէն յայտարարել է, որ Մարտ 1-ը չի կարող կրկնուել, եւ թոյլ չի տալու ոչ մի կաթիլ արիւն թափուի:
2.- Ընդդիմութեան ամրապնդում եւ արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւնների կազմակերպում: Նոր ընտրութիւնների կազմակերպումը աւելի հաւանական է համարւում, սակայն միայն այն պարագայում, եթէ ընդդիմութեան բոլոր ուժերը կեդրոնանան այդ նպատակի շուրջ, որը, սակայն, անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է նոր ընտրութիւնների համար: Այստեղ պէտք է նշել, որ եթէ Լեւոն Տէր-Պետրոսեանի միացումը հնարաւոր է, ապա Բարգաւաճ Հայաստանի միացումը շարժմանը` գրեթէ բացառւում է, որից, սակայն, կարող են դուրս գալ որոշ գործիչներ` Յովհաննէսեանի ճամբարին միանալու նպատակով: Այնուամենայնիւ, հաշուի առնելով Յովհաննէսեանի շարժման մասնակիցների ոչ ճգնաժամային քանակը, ընտրութիւնների թեքնիք գետնի վրայ ոչ վատ կազմակերպուած լինելը, Սարգսեանի բարձր արտաքին եւ ոչ ցածր ներքին օրնականութիւնը` այս տարբերակը եւս քիչ հաւանական է համարւում, որի իրագործման համար լրացուցիչ force majeur-ային գործօնների ի յայտ գալը պարտադիր է, որոնք ի վիճակի կը լինեն կտրուկ նուազեցնել Սարգսեանի արտաքին կամ ներքին օրինականութիւնը:
3.- Համաձայնութեան ձեռքբերում Յովհաննէսեանի հետ եւ նրա ընդգրկում “քոալիցիա“ում: Այս տարբերակը քիչ չէ քննարկուել յատկապէս նախքան Փետրուար 18-ը, սակայն այսպիսի բարձր արդիւնքների պարագայում Յովհաննէսեանը դժուար թէ կատարէ քաղաքական գործարքի` “կոալիցիա“ում որեւէ դիրք (ամենայն հաւանականութեամբ` Արտաքին Գործոց նախարարի փորձառութիւն) զբաղեցնելու համար, քանի որ այդ արդիւնքները բացառիկ հնարաւորութիւն են տալիս նրան գլխաւորելու ընդդիմադիր դաշտը` դրանից բխող երկարաժամկէտ հեռանկարներով (արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւններ, կամ նախասիրուած լինելու հնարաւորութիւն 2018-ի նախագահական ընտրութիւնների ժամանակ):
4.- Ցանցային շարժման ձեւաւորում` առանց յստակ մեծ արդիւնքների: Այս տարբերակը կարող է տեղի ունենալ թէ՛ ընդդիմադիր դաշտի ամրապնդման, թէ՛ ներկայ կիսահամախմբուած վիճակում: Այն ենթադրում է անընդհատ հանրահաւաքներ, ցոյցեր եւ քաղաքացիական բողոքի այլ միջոցառումներ, որոնց միջոցով մշտական ճնշում է գործադրուելու իշխանութիւնների վրայ` ստիպելով գնալ բարեփոխումների ճանապարհով, իսկ Սարգսեանն էլ, հաւատարիմ մնալով իր մարտավարութեանը, երբեմն-երբեմն փոքր ընդառաջ քայլերով դուրս է մղելու օդը: Սա Եղափոխութիւն ճանապարհ է, եւ բարեփոխումների ծաւալն ու որակը կախուած են լինելու նաեւ ցանցային ընդդիմութեան ճնշման ուժգնութիւնից: Այս իրավիճակում գրեթէ բացառւում է Լեւոն Տէր-Պետրոսեանի միացումը Յովհաննէսեանի շարժմանը, քանի որ նա բնոյթով ցանցային ու քաղաքացիական պայքարի առաջնորդ չէ եւ որպէս ընդդիմադիր պայքարի միակ նպատակ` դիտարկում է իշխանափոխութիւնը, եւ շարժմանը կը միանայ միայն այն ճգնաժամային պահին, երբ իշխանութեան անցումը Յովհաննէսեանին գրեթէ կասկած չհարուցի: Այս տարբերակը, շարժման կիսահամախմբուած վիճակով, ներկայ հանգամանքներում թւում է ամենահաւանականը: Թէ այդ պայքարը ինչ չափի բարեփոխումներ է ի վիճակի լինելու պարտադրել, ապագան ցոյց կու տայ, սակայն որ այդպիսի պայքարը որոշ դէպքերում ձեռնտու է լինելու նաեւ իշխանութիւններին, կարծես թէ միանշանակ է, քանի որ Յովհաննէսեանի նման արեւմտամետ գործչին տրված 37 տոկոս քուէն թոյլ է տալու Հ.Հ. իշխանութիւններին աւելի հիմնաւորուած կերպով խուսափել Եւրասիական Միութիւնից: Բացի դրանից, այդ կացութեան Սարգսեանը դառնում է էլ աւելի ցանկալի նախագահ Մոսկուայի համար, քան, օրինակ, Քոչարեանի կամ Ծառուկեանի հաւանական կշռի վիճակին: Վերջապէս, Յովհաննէսեանը, որպէս ընդդիմութեան ընդգծուած առաջնորդ, աւելի ցանկալի ընդդիմախօս է իր համագործակցային ու փափուկ դիրքորոշումներով, քան, օրինակ, Լեւոն Տէր-Պետրոսեանը: